ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, բոլորը համոզված են, որ Միացյալ Նահանգները պատերազմ է հայտարարել Չինաստանին, սկսվել է համաշխարհային տնտեսական պատերազմ համաշխարհային երկու գիգանտների միջեւ: ԱՄՆ-ն տեսավ, որ տնտեսական մրցակցությամբ չի կարողանում հաղթել Չինաստանին, որոշել է նրան ուղղակի մեկուսացնել, կտրել հումքի եւ պատրաստի արտադրանքի շուկաներից, դրանով զսպելով նրա զարգացումը: ԱՄՆ վերնախավը գիտակցում է, որ եթե իրենք մի փոքր էլ հապաղեն, ապա Չինաստանը կարող էր իրենց գերազանցել ոչ միայն տնտեսության, այլեւ ռազմարդյունաբերության ոլորտում, որտեղ իրենք դեռ գերիշխող են, համենայնդեպս՝ իրենց կարծիքով: Ինչպես ամեն պատերազմում, պատերազմող կողմերը դաշնակիցներ են հավաքագրում. մեծ թվով դաշնակիցների առկայությունը մեծացնում է հաղթելու հավանականությունը: Հարց է առաջանում․ իսկ ո՞ր ճամբարում է Հայաստանը, թե՞ Հայաստանն այնքան զուրկ է ինքնուրույնությունից, որ չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, եւ դա անելու են իր փոխարեն: 

Մեր հարեւան եւ թշնամի Ադրբեջանը կարծես թե կողմնորոշվել է կամ, համենայնդեպս, դրա ճանապարհին է: Օրերս Բաքվում տեղի է ունեցել «Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն. համախմբում եւ համագործակցության խթանումը գլոբալ հարավում» անվանումով համաժողով, որին ներկա է եղել Չինաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ` Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն։ Նա ոչ միայն հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, այլեւ հայտարարել է, որ այս ամսվա ընթացքում նախատեսվում է Ալիեւի պաշտոնական այցը Չինաստան: Հերթական անգամ հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, չինացի պաշտոնյան ասել է. «Զանգեզուրի միջանցքի կառուցումը մեծ նշանակություն ունի, քանի որ դրա իրականացումն ավելի կամրապնդի կապը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»։ Եվ ավելացրել, որ չինական ընկերությունները պատրաստ են ակտիվ դեր ստանձնել այդ միջանցքի կառուցման գործում: 

Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ իրենք իբրեւ թե հոգնել են Հայաստանի պատասխանին սպասելուց եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը կառուցելու են  Իրանի տարածքով: Քանի որ ավտոմոբիլային ճանապարհ կա, ենթադրվում է, որ դրան զուգահեռ կառուցելու են նաեւ երկաթուղի: Այդ ճանապարհն Ադրբեջանում անվանում են Արազի ճանապարհ, քանի որ անցնում է Արաքս գետի երկայնքով: Չինացի բարձրաստիճան պաշտոնյանի կողմից Զանգեզուրի միջանցքի մասին հիշատակումը նշանակում է, որ Ադրբեջանի եւ Չինաստանի ներկայացուցիչները քննարկել են ոչ թե Իրանի տարածքով ավտոմոբիլային կամ երկաթուղային հաղորդակցություն կառուցելու հարցը, այլ հենց Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի նախագիծը: Չինաստանն աջակցում է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, քանի որ, ըստ չինացի գործչի, Բաքուն էլ աջակցում է Չինաստանի կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին: Այս նախագիծը նպատակ ունի Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմակերպել՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:

Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, իսկ Բաքվում կայացած միջոցառումն էլ կոչվում է Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն, ապա կարելի է ասել, որ երկու երկրները հայտնվել են ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի տարբեր կողմերում: Արդյոք Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցում Ադրբեջանին աջակցելու չինական կողմի պատրաստակամության մասին չինացի բարձրաստիճան կուսակցական գործչի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Չինաստանը պատրաստ է քաղաքական դիվանագիտական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հարցում: Ընդհանրապես, երբ երկու գերտերություն իրար հետ պատերազմում են, պատերազմը կարող է ընթանալ տարբեր ռազմաճակատներում, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Գերմանիայի դեմ կռվում էին ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիայում, Աֆրիկայում, համաշխարհային օվկիանոսի ջրերում: Այս դեպքում եւս, եթե հակամարտությունը մտնի ակտիվ գործողությունների փուլ, ապա այն կարող է անմիջականորեն տեղափոխվել մեր տարածաշրջան, եւ այդ դեպքում հնարավոր են տարբեր տեսակի թշնամական գործողություններ: Չի բացառվում նաեւ, որ ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը մի ինչ-որ պահի տնտեսականից վերածվի ռազմականի. բոլոր պատերազմները, ի վերջո, տնտեսական հիմք են ունեցել. առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները Բրիտանական կայսրության եւ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվեցին եւ հրահրվեցին գերմանական աճող տնտեսության թափը կոտրելու, նրան հումքի եւ արտահանման շուկաներից զրկելու համար: Հիմա Գերմանիան այլեւս տնտեսական լուրջ մրցակից չէ, նրան փոխարինում է Չինաստանը, հիմա փորձելու են նույնն անել Չինաստանի հետ: Թե որքանով կհաջողվի, այլ հարց է: 

Ինչպես նշեցինք, թեեւ պատերազմը հայտարարված է, սակայն այս պահին ընթանում են ավելի շատ նախապատրաստական աշխատանքներ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ արտոնյալ տուրքեր կսահմանի այն երկրներից ԱՄՆ իրականացվող արտահանման նկատմամբ, ովքեր կհամաձայնեն էականորեն կրճատել առեւտուրը Չինաստանի հետ: Առաջինը կարծես թե արձագանքել է Ճապոնիան, որի ներկայացուցիչների հետ Թրամփն արդեն հանդիպել է՝ այն անվանելով չափազանց արդյունավետ: Ի վերջո, բոլորը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը եւ ասեն, թե հակամարտության որ կողմում են իրենք, ում են պաշտպանում: Շատերը փորձելու են չեզոքություն պահել՝ ասելով, որ դա մեր կռիվը չէ, մենք շատ փոքր ենք, որ մասնակցենք մեծերի կռվին, որտեղ ոտնատակ գնալու հավանականությունը շատ մեծ է: Բայց չեզոքություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինելու, մանավանդ՝ երբ հարցը դրվի այսպես․ եթե մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես: 

ՀԳ. Այս պատերազմում շատ կարեւոր է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը: Ի վերջո, ուկրաինական պատերազմը կանգնեցնելու Թրամփի ծրագրի ամբողջ նպատակն այս պատերազմում Ռուսաստանին ԱՄՆ-ի կողմը տանելն է: Ռուսները նույնպես ուզում են չեզոքություն պահել՝ հույս ունենալով, որ երկու հսկաների ընդհարումը կթուլացնի երկուսին էլ, իսկ իրենք արանքում կօգտվեն: Բայց կյանքը ցույց է տալիս, որ, նախ, Ռուսաստանը երբեք չի կարողացել չեզոք մնալ, եւ երկրորդ՝ ուժեղանում են ոչ թե չեզոքները, այլ՝ հաղթողները, չեզոքները դուրս են գալիս խաղից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77a1796d8d140022f374b8d195d18aaf

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *