Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությանը:
«Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի ձայների շնորհիվ։ Եվ մանդատ դնելը ոչինչ չի փոխի։ Մարտունի քաղաքական կապիտալը այլևս զրո է։
Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Թևանյան Անդրանիկի շնորհիվ, որը, ցանկացած ընտրությունից հետո առանց ծրագրեր քննարկելու, առանց սկզբունքներ համաձայնեցնելու, իր ձայները տալիս ա մեկ Հայկոյին, մեկ Վարդանիկին։ Ընտրելով Անդրանիկ Թևանյանին՝ այլևս պետք է հասկանալ, որ ձայն ես տալիս ուրիշին։
Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ էն կլոունի շնորհիվ, որը, Արցախ, պատերազմ, հայրենիք գոռալով, էդ ամենը տեսավ Վարդան Ղուկասյանի մեջ՝ ընդ որում առանց քննարկման, առանց ծրագրեր համաձայնեցնելու, առանց սկզբունքների։ Մեկանգամյա օգտագործման պրոդյուսեր։
Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի, Դաշնակցության և նախկին նախագահների շնորհիվ,որոնք մեծ- մեծ խոսելով հայրենիքի փրկության մասին, կամ թռան կամ թաքնվեցին Գյումրու ընտրություններից։
Վարդան Ղուկասյանը ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ, որ 7 տարվա մեջ չկարողացավ ստեղծել այնպիսի արդարադատության համակարգ, որ Վարդանիկը այլ վայրում լիներ։
Այս արդյունքից տուժեց Հայաստանի քաղաքական համակարգը, բոլորը`Գյումրին, տեղական ինքնակառավարումը, ընդդիմությունը, իշխանությունը։
Դե իսկ շահած Վարդանիկը այսօր հայտարարեց, որ Քոչարյանը իրեն քաղաքական հենարան չէ, և ընդհանրապես չունի հենարան։ Թարգմանաբար՝ նա պատրաստ է իշխանության հետ աշխատել»,- գրել է Ղազարյանը:
Հիշեցնենք՝ «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
Նյութի աղբուր