Ի՞նչ է կատարվում. Հայաստանը հերքում է, Ադրբեջանը՝ շարունակում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունը հրադադարի խախտման վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հայտնել է, թե մարտի 18-ի առավոտյան Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները իբրև թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանը վերջին երկու օրերին արդեն յոթերորդ ապատեղեկատվությունն է տարածում, որից հետո Հայաստանի ՊՆ-ն հերքում է և հիշեցնում, որ Հայաստանն առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ, որի վերաբերյալ Ադրբեջանն առ այսօր չի տվել պատասխան:

Հայաստանի ՊՆ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանական կողմի տրամադրած տվյալի հիման վրա իրականացնել հետաքննություն: Հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ հայկական զինուժը չունի հրադադարի խախտման որևէ հրահանգ և որևէ մոտիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հիշեցրել է հետաքննության համատեղ մեխանիզմի մասին դեռևս 2024 թվականի հունիսին արված առաջարկը, որն առ այսօր անպատասխան է: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը սահմանային էսկալացիայի միտված տեղեկատվական սադրանքի կիրառումով: Ադրբեջանի նպատակը Հայաստանի հանրությանը հոգեբանական լարվածության մեջ պահե՞լն է, Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշո՞ւմը՝ ռազմական շանտաժի միջոցով, և այդ կերպ նաև խաղաքարտը միջազգային դերակատարների դեմ օգտագործե՞լը: Բաքվի նպատակը, անշուշտ, մեկը չէ:

Մենք գործ ունենք, թերևս, վերը թվածս բոլոր նպատակների, և գուցե շատ այլ մոտիվների ու նպատակների համախմբի հետ: Ադրբեջանը համարում է, որ պետք է առավելագույնս «կապիտալիզացնի» ուժերի հարաբերակցության՝ իր օգտին եղած մեծ առավելությունը: Բաքուն դրա նոր պատեհությունը տեսնում է թերևս այն պրոցեսներում, որ ծավալվում են միջազգային մակարդակում: Այդ մակարդակում կա ամերիկա-ռուսական երկխոսության և գործարքի շուրջ պրոցես, որի հանդեպ կա մեծ դժգոհություն Եվրոպայում:

Միաժամանակ, այդ դժգոհությանը զուգահեռ, կա նաև դիմակայությունը Թրամփի ներկայիս վարչակազմի քաղաքականության և արևմտյան լիբերալ-գլոբալիստական թևի միջև: Իսկ դա, լինելով բնույթով այսպես ասած ներարևմտյան քաղաքական և տնտեսական դիմակայություն, իր մասշտաբով, իհարկե, արտահայտվելու է համաշխարհային ծավալով: Այդ ամենը զգալիորեն, կարծես թե, պղտորում է միջազգային ջրերը և Բաքուն, ըստ ամենայնի, փորձում է այնտեղ «որսալ» իր բաժին «ձուկը», լինի մեծ, թե փոքր: Ընդ որում՝ որսալ շանտաժով՝ դրան զուգահեռ, իհարկե, շոշափելով հող, թե արդյո՞ք կարող է անցնել շանտաժից այն կողմ:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *