«Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ:
Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարության, թե Երևանից Բաքվին փոխանցված ականապատ քարտեզները ճշգրիտ և ամբողջական չեն, ու Բաքուն ակնկալում է ավելի ճշգրիտ ու ամբողջական քարտեզների փոխանցում: Երևանը հայտնում է, որ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան, փոխանցվել է առավելագույնը: Բաքվին, իհարկե, սա չի գոհացնելու և չի բավարարելու, որովհետև Ադրբեջանի նպատակը բացարձակապես մարդասիրական չէ, այլ քաղաքական:
Ադրբեջանի նպատակը Հայաստանի հանդեպ անընդհատ պահանջների ապահովումն է, ամենափոքր առիթն անգամ օգտագործելով՝ Երևանին անընդհատ պայմաններ թելադրելը, առաջադրելը: Ադրբեջանի համար այդ քաղաքականությունն ունի թերևս հետևյալ նպատակները. ծածկել սեփական ապակառուցողականությունը խաղաղության հարցում, Հայաստանի հետ հավասարակշռված խաղաղության հասնելու պատրաստակամության և ցանկության բացակայության հարցում, ստեղծել մտայնություն և տպավորություն, թե խաղաղության պատրաստ չէ Երևանը, կամ նվազագույնը՝ ստեղծել տպավորություն, թե Երևանն էլ կառուցողական չէ: Մյուս նպատակը, թերևս, Հայաստանին անընդհատ լարվածության մեջ պահելն է, այսպես ասած, օրակարգ թելադրելը, արդարանալու մղելը, Հայաստանի հանդեպ տեղեկատվա-հոգեբանական առավելություն ապահովելը:
Մեկ այլ նպատակ է, անշուշտ, ավելի գլոբալ խնդիրը՝ Հայաստանի հանդեպ առավելապաշտության աներեր քաղաքականությունը սպասարկելը, ինչը նշանակում է ապահովել ամենատարբեր տրամաբանության և տրամաչափի հարցադրումների, պահանջների և պայմանների տեղատարափ՝ ակնկալելով դրանցից քաղել առավելագույնը, այլ կերպ ասած՝ «քանակը հասցնել որակի»: Եվ կա թերևս ևս մի հանգամանք, որ Բաքվի այդ քայլերի մոտիվներից է: Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ վարվող այդ քաղաքականությունը և մարտավարությունը, տեղատարափի այդ մեթոդաբանությունը միտված է նաև Հարավային Կովկասի իրավիճակով շահագրգռված երրորդ խաղացողների հետ իր հարաբերությունների խաղաքարտ ծառայեցվելուն:
Այդ հետաքրքրությունները տարբեր են, դրանք աշխարհաքաղաքական մրցակցությամբ պայմանավորված հետաքրքրություններ են, բախվող ռազմավարություններ, որոնցում, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն այս կամ այն ռազմավարությանը առնչվող կարևոր գործոններից է: Ադրբեջանը այդ հարցում իր ուժային բալանսի վրա հիմնված մարտավարությունը ծառայեցնում է խաղադրույքը բարձրացնելուն: Երևանը ձգտում է թույլ չտալ դա և պահել հնարավորինս ցածր մակարդակի վրա: Հարցն այն է, սակայն, որ այդ խնդիրը լուծելու համար Երևանը հարկադրված է լինում իջեցնել նաև նշաձողեր:
Նյութի աղբուր