Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների թիրախը հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը այցելություններ է ունեցել նշված երկու բնակավայրեր, ինչպես նաև Տեղ բնակավայր։ Նա հանդիպել է տեղի բնակիչների հետ, զրուցել և հասկացել, թե իրականում ինչ իրավիճակ է այժմ Սյունիքում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավորը պատմում է՝ Սյունիք այցի ժամանակ ինքը ևս լսել է կրակոցների ձայները, սակայն բնակավայրերում խուճապ չկա, միայն անհանգստություն, ինչն էլ չպետք է շփոթել վախի հետ։
«Գյուղից բնակիչների տեղափոխություն չկա, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված։ Ես գյուղում այնպիսի տանն եմ մնացել, որ ամենամոտիկն էր ադրբեջանական դիրքերին, գիշերային ժամերին կրակոցների ձայներ լսվում էին, բայց թիրախավորված որևէ քաղաքացիական շինություն չվնասվեց»,- ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ բնակիչները դժգոհել են, որ Սյունիքի վերաբերյալ Երևանից կեղծ տեղեկություններ են տարածում։ Նա ընդգծում է՝ Կառավարությունը մարզում ապահովում է բոլորի անվտանգությունը, և սյունեցին իրեն երբեք միայնակ չի զգում և չի զգալու։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Նյութի աղբուր