Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է․ 4 անձ է կալանավորվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը, որտեղ միայնակ ապրել է 54–ամյա Մարատ Սուվորովը։ Նա զբաղվել է թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։

Ոստիկանները 54–ամյա տղամարդու դին գտել են կապկպված, մարմնի վրա` մի քանի տասնյակ կտրած–ծակած վնասվածքներ։

Իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թ. ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Նրանք տեղեկացել են, որ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:

Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով այս անձինք դիմել են Երևանի բնակիչ 28–ամյա Հարութ Կ․–ին, որն էլ փոխանցել է հասցեն։

Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Սահյան փողոցի մոտակայքում Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել, քանի որ տարածքը մարդաշատ է եղել:

58-ամյա Վահրամ Ա․–ն դիմել է նաև իր 38–ամյա որդու օգնությանը։ Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար 2025 թ. մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Սուվորովի առանձնատուն, սպանել նրան, այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում։

Դեպքի հաջորդ օրը Արամ Օ․-ն և Սուվորովի հասցեն հայտնած Հարութ Կ․-ն մեկնել են Տավուշի մարզ՝ սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել. ձերբակալվել ու տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Երևան քաղաքի վարչություն:

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։

Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։

Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *