Գյումրու ավագանու ընտրությունները 2021 թվականից հետո թերևս ամենաինտրիգայինն էին։ Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեպետ ամենաշատ ձայները հավաքեց, բայց չկարողացավ առաջին ռաունդից իր թեկնածուին քաղաքապետի պաշտոնին նշանակել։ Սա ինչ-որ առումով իշխող կուսակցության պարտությունն էր։ Սակայն իրականում Գյումրու ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանը։
Շատ հնարավոր է, որ Գյումրու քաղաքպետ ընտրվի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, քանի որ անցողիկ շեմը բացի իշխող ուժից հաղթահարել են ընդդիմադիր երեք ուժերը և նրանք միավորվելով կարող են քաղաքապետ նշանակել իրենց թեկնածուին։
Շատերը կհարցնեն, իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Պատասխանը շատ պարզ է։ Փաշինյանը կարողացավ կազմակերպել բացարձակ թափանցիկ, արդար և մաքուր ընտրություն։ Փաշինյանը Գյումրիում ցույց տվեց, որ իշխանությունը ձևավորվում է բացառապես քաղաքացիների ձայների միջոցով։ Փաշինյանը Գյումրիում պահեց քաղաքացու ընտրելու իրավունքը։ Անկախ հանգամանքից, թե ինչ ուժեր են համեմատաբար շատ ձայներ հավաքել Գյումրիում՝ ակնհայտ է, որ այդ ձայները բոլոր ուժերը ստացել են արդար, առանց բռնությունների, առանց կրակոցների, առանց ընտրողներին ահաբեկելու ու առևանգելու։
Հենց սա է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Բարոյական առումով սա ընդդիմության պարտությունն էր, այն ընդդիմության, որը ժամանակին սեփական իշխանությունը պահում էր զոռբայությամբ, բռնությամբ, ընտրություն կեղծելով ու մարդկանց ահաբեկելով։ Հենց այդպես են ժամանակին իշխանություն պահել նրանք, որոնք այսօր, Նիկոլ Փաշինյանի օրոք, կարողացան մաքուր ձայներ հավաքել։ Սա Նիկոլ Փաշնինյանի հաղթանակն է ու նախկինների պարտությունը։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կարևոր և գնահատականի արժանի քայլը՝ նրա կողմից ընտրությունների արդյունքների ընդունումն էր, և շատ ձայներ հավաքած ուժերին շնորհավորելը։ Հայաստանի պատմության մեջ երբեք չի գրանցվել դեպք, երբ երկրի ղեկավարը շնորհավորի հաղթած ընդդիմադիր ուժերին։ Նախկինում ոչ թե շնորհավորում էին, այլ բռնությամբ կործանում էին այդ ուժերին։
Եվ մեկ ուշագրավ երևույթ նկատվեց Գյումրու ընտրությունների ֆոնին։ Շատերը, այդ թվում և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ, փորձեցին արդար ընտրությունների դափնիները միանգամից իրենց շնորհել, դրանով անզգուշաբար, իսկ գուցե գիտակցաբար, հարվածելով անձամբ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը, որն առաջին հայացքից կարող է թվալ թե ակտիվ չէր Գյումրու ընրտական գործընթացներին, այդուամենայնիվ այդ ամենը աննկատ չի թողել։ Սա նաև Նիկոլ Փաշկինյանի հաղթանակն էր սեփական կուսակիցների որոշ անդամների հանդեպ։ Որոնք վերջին տարիներին փորձում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ ձևանալ։
Տղե՛րք, մի կողմ քաշվեք, ամեն ինչ շատ ակնառու է, եկել է հեղափոխությունը պարզաջրելու ժամանակը, իսկ հեղափոխությունը պետք է պարզաջրել, առջևում դեռ մեծ «ճակամարտն» է։
Մկրտիչ Իսրայելյան
Նյութի աղբուր