Հրապարակվել է Correio Braziliense պարբերականին Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի տված հարցազրույցը, երբ Միրզոյանն այցելել էր Բրազիլիա: Դա մի քանի օր առաջ էր: Այդ հարցազրույցում պարբերականի թղթակիցը, լսելով Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների մասին գնահատականները, տալիս է ուղիղ հարց՝ խաղաղության պայմանագիրը վտանգի տա՞կ է․«Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։
Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն կա նաև մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։ Արարատ Միրզոյանի այս պատասխանն առաջացնում է տարակուսանք ու հարցեր: Ի՞նչ է նշանակում «մտահոգիչ լուր»: Երբ Միրզոյանը խոսում է այն մասին, որ «դրական լուր» է խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստ և համաձայնեցված լինելը, դա հասկանալի է, քանի որ խոսքն իսկապես կոնկրետ լուրի մասին է:
Եղել է տեղեկություն, որ տեքստը համաձայնեցվել է և բանակցությունն ավարտվել, ու Հայաստանի նախարարը գնահատում է դա «դրական լուր», անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գնահատական ունի այդ առնչությամբ հանրային կամ քաղաքական այս կամ այն շերտը Հայաստանում: Բայց ի՞նչ է նշանակում «մտահոգիչ լուր», որ խաղաղությունը վտանգված է: Ի՞նչ գիտե Հայաստանի ԱԳ նախարարը, որ հայտնի չէ հանրությանը: Եթե խոսքը ընդհանրապես Ադրբեջանի վարքագծի և մոտեցումների մասին է, ապա դա «լուր» բնորոշելը, մեղմ ասած, համարժեք կամ ճշգրիտ չէ, որովհետև դա շատ լայն ու վաղուց հայտնի քաղաքական դիրքավորում ու մեթոդաբանություն է, որ կիրառում է Բաքուն:
Երբ խոսվում է «լուրի» մասին, ապա դա ենթադրում է նոր որևէ իրողություն, որը առաջացնում է խաղաղության վտանգվածության վերաբերյալ մտահոգություն: Համենայն դեպս, ենթադրվում է, որ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պետք է բծախնդիր լինի ձևակերպումների հարցում՝ թյուրըմբռնումների տեղիք չտալու համար: Հետևաբար, երբ Հայաստանի ԱԳ նախարարը օգտագործում է «մտահոգիչ լուր» ձևակերպումը, ապա առաջանում է հարց, թե ի՞նչ լուրի մասին է խոսքը: Որովհետև այս ընթացքում կարծես թե չի եղել որևէ առանձնահատուկ նոր բնույթի տեղեկություն՝ Ադրբեջանը եղել է ու կա իր առավելապաշտության ու ապակառուցողականության, շարունակվող պահանջների տրամաբանության մեջ:
Զուգահեռ, իհարկե, տեսնում ենք նաև, որ տեղի են ունենում սահմանային կրակոցներ, որոնց առնչությամբ հայկական կողմը վարում է, այսպես ասած, տեղեկատվական «մեղմացման» քաղաքականություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կրակոցները ուղղված չեն Հայաստանի տարածքին: Այդ դեպքում ուր կամ ո՞ւմ են ուղղված: Տեխնիկապես հնարավոր է, իհարկե, կրակել օդ, պարզապես հոգեբանական ճնշման, սահմանամերձ բնակավայրերում խուճապի, նաև հետո հանրային խուճապային արձագանք առաջացնելու մտայնությամբ:
Սակայն ինքնին հանգամանքը, որ հայկական կողմը ոչ թե բարձրաձայնում է խնդիրը, առավել ևս, որ Ադրբեջանը նույնիսկ մոգոնում է իբրև թե հրադադարի խախտման մեղադրանքներ Հայաստանի ԶՈՒ հասցեին ու տարածում ապատեղեկատվություն, այլ զբաղվում «մեղմասացությամբ», իրապես առաջացնում է հարցեր, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական տիրույթում, որ հայտնի չէ հանրությանը:
Նյութի աղբուր