Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը վերջին օրերին Գյումրիում մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ընտրական քարոզարշավին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողմից իրականացվող ակցիաներին։
«Մենք մեր քարոզարշավ ենք իրականացրել, իսկ հյուրախաղերով Գյումրի ժամանած հայրենիքի փրկիչները փորձում էին հերթական բեմադրությունն ունենալ Գյումրիում, որը ձախողվեց։ Միջադեպ չի եղել, մենք մեր իրազեկման ակցիան ենք իրականացրել, և ես իմ քաղաքում պարզ ճակատ քայլելու որևէ խնդիր չունեմ։ Իսկ Երևանից եկած մեր հյուրերին մաղթում եմ, որ մեր զբոսաշրջային Գյումրիում լավ ժամանակ ունենան»,- ասել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե կան գյումրեցիներ, որոնք ստորագրում են ու մասնակցում Գալստանյանի շարժման կողմից իշխանության դեմ սկսած «Համաձայն չեմ» անունը կրողը ստորագրահավաքին՝ Բաղդասարյանը նկատել է․
«Երեք դաշնակցական, երկու ժամկետն անց դերասան և մեկ հոգևորական․ այս է իրենց ծավալը։ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում 68 տոկոսից ավելի ձայն է տարել 2021-ին, ոչ պակաս ցուցանիշ կունենանք 2026-ին։ Այսինքն՝ ցանկացած փաստի ետևում պետք է լինեն իրատեսական թվեր, մենք մեր քվեով և վստահությամբ ապացուցել ենք դա։
Մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ պետք է բռնանալ ժողովրդի կամքին և ժողովրդի քվեով ընտրված իշխանությանը։ 2025 թվականի մարիտ 30-ին վերահաստատելու ենք մեր արժեքները, իսկ 2026 թվականին ևս մեկ անգամ արձանագրելու ենք, թե ինչ բարձր վարկանիշ ունի Շիրակի մարզում իշխող քաղաքական թիմը»։
Վերջինս վստահություն է հայտնել, որ Սարիկ Մինասյանը լինելու է Գյումրու քաղաքապետ։
Նյութի աղբուր