Ադրբեջանի արձագանքը Փաշինյանի առաջարկին

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը՝ ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարության, որ Բաքուն նախապայմաններ է առաջ քաշում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Բաքվի խոսնակը հայտարարել է, թե դրանք նոր նախապայմաններ չեն, սակայն նրա արձագանքում առավել ուշադրության արժանին, թերևս, Հայաստանի Սահմանադրությունն «անհապաղ փոփոխելու» ձևակերպումն է:

Դա անուղղակի ձևով գուցե կարող է դիտվել արձագանք օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որին անդրադարձել էինք և մենք: Մասնավորապես, խոսքը հարցազրույցում բարձրաձայնած մտքի մասին է, որ Հայաստանի նոր Սահմանադրության հանրաքվեն ծրագրվում է 2027 թվականին, թեև քաղաքական մեծամասնության մեջ կան նաև մարդիկ, որոնք նպատակահարմար են գտնում 2026 թվականի խորհրդարանի ընտրության հետ համատեղ անցկացնելը:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը դիտարկել էի որպես հաղորդագրություն Ադրբեջանին, այն առաջարկի շրջանակում, որ նա արել էր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառման տեսքով՝ սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման շուրջ: Փաշինյանը դա առաջարկել էր Իլհամ Ալիևին: Ալիևը չի արձագանքել, և չի արձագանքել Բաքվից ոչ ոք՝ ուղիղ իմաստով: Բայց «անհապաղ փոփոխելու» մասին ձևակերպումը, ըստ էության, արձագանք է հենց այդ տրամաբանության մեջ: Ստացվում է՝ առնվազն որպես տպավորություն, որ Ադրբեջանը չի ընդունում 2027-ի վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Բայց հարց է առաջանում, արդյո՞ք «անհապաղը» նշանակում է, որ Բաքուն Հայաստանից քայլեր է ակնկալում արդեն նույնիսկ 2025-ին:

Պետք չէ բացառել, իհարկե, որ ակնկալիքը ոչ թե հանրաքվեն է, այլ հանրաքվե անցկացնելու «գրավոր» արձանագրում-պարտավորություն ստանալը: Հնարավոր է, որ Ադրբեջանն այդ իմաստով իր հերթին ակնարկում է կամ արտահայտում «խորհրդակցության» պատրաստակամություն, դարձյալ «հեռավար» տարբերակով, ինչպես իրար էին փոխանցում պայմանագրի տեքստը:

Անշուշտ, պետք է հետևել, թե արդյո՞ք Ադրբեջանը իր հռետորաբանության մեջ մշտական կիրառման է «ենթարկելու» Հայաստանին շտապեցնելու մոտեցումը, ի պատասխան գուցե պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ իր հասցեին «շտապեցումների»: Բայց ո՞ւր կհասցնի արագությունների այդ ավելացումը: Արագությունները սովորաբար կամ օգնում են արագ հասնել տեղ, կամ ընդհանրապես տեղ չեն հասցնում՝ վթարի հետևանքով:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *