Իլհամ Ալիևի հանցանքի «հետքն» ու հայտարարությունները. Երևանը չպետք է լռի

Անցնող շաբաթ այցելելով օկուպացված Արցախ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Մատաղիսում այսպես կոչված վերաբնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը կարգավորման գործընթացում աջակցում էր Հայաստանին, Ադրբեջանին հորդորում էր համակերպվել տարածքների կորստի հետ:

Ըստ Ալիևի՝ համանախագահներից երեքն էլ տարբեր բնույթի աջակցություն էին ցուցաբերում Երևանին: Ալիևի հայտարարությունները, իհարկե, քարոզչական են՝ ցույց տալու համար, թե որքան «խիզախ» է ինքը, որ դուրս է եկել փաստորեն համանախագահ երեք երկրների, միջուկային երեք տերությունների դեմ:

Ըստ էության՝ Իլհամ Ալիևը, թերևս, լավ է պատկերացնում, որ չնայած իր «հերոսական» կերպարի կերտմանը, «երկաթե բռունցքի» արձաններն այս ու այն կողմ տնկելուն և ճոճելուն, ադրբեջանական հանրությունն էլ, անշուշտ, քաջ գիտակցում է՝ Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիայում հաջողություն չէր ունենա, եթե չունենար Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի ակտիվ աջակցությունը: Արցախի դեմ ագրեսիան ռազմական պլանավորման և անմիջական հրամանատարության ու հրամանադրման է ենթարկվել թուրքական գեներալակազմի մասնակցությամբ:

Պատերազմի օրերին Ադրբեջանի գլխավոր շտաբը, ըստ էության՝ կրում էր ցուցանակային բնույթ և պատերազմը կառավարվում էր ամբողջապես թուրքական բանակի հրամկազմով: Ադրբեջանական հանրությունը դա լավ գիտե, ըստ այդմ՝ գիտե, որ այսպես կոչված հաղթանակի վաստակը ոչ թե Իլհամ Ալիևինն է, այլ վերը նշածս եռյակինը: Ավելին՝ դրա մասին անգամ Էրդողանն է պարբերաբար հայտարարում, ինչին անմիջապես հետևում են Ալիևի հերքումները, թեև ինքնին փաստը, որ Ալիևը արցախյան երրորդ պատերազմից հետո Բաքվում կազմակերպած շքերթի ընթացքում ամբիոնին հաշվետվություն էր ներկայացնում Էրդողանին, խոսում է ամեն ինչի մասին: Եվ ահա, Իլհամ Ալիևը պարբերաբար փորձում է համոզել ադրբեջանական հանրությանը, որ Հայաստանն էլ մենակ չէր, որ Երևանին էլ աջակցում էր Մինսկի խմբի համանախագահության եռյակը:

Իրականում, եթե Մինսկի խմբի համանախագահության եռյակն աջակցել Հայաստանին, ապա Ադրբեջանը ոչ միայն չէր կարող դիմել 2020 թվականի ագրեսիային, այլ 2014-15 թվականներից չէր կարող սկսել, ըստ էության, սողացող պատերազմ Արցախի ու Հայաստանի դեմ: Պարզապես, այստեղ պատկերը, իհարկե, բազմաշերտ է: Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը ապահովում էր աշխարհաքաղաքական ուժային բալանսը Կովկասում՝ հետխորհրդային ժամանակաշրջանում: Միջազգային իրողությունների փոփոխության հետ մեկտեղ, սկսեց փոխվել նաև եռյակի ներսում հարաբերությունների մթնոլորտն ու տրամաբանությունը՝ վերածվելով աշխարհաքաղաքական ակտիվ դիմակայության:

Հենց այդ հանգամանքը թույլ տվեց Ադրբեջանին օգտվել իրավիճակից և անցում կատարել այսպես ասած ռազմատենչ դիվանագիտության: Հարցը, սակայն, տվյալ պարագայում այն է, որ այսօր եռյակը դե ֆակտո գոյություն չունի, չի աշխատում, ավելին՝ կարծես թե չկա աշխատանքի վերականգնման որեւէ իրատեսական հեռանկար, սակայն Իլհամ Ալիևը «կռիվ է անում» Մինսկի խմբի համանախագահության դեմ:

Դրա պատճառը միայն քարոզչական չէ: Եթե լիներ այդպես, Ադրբեջանի նախագահը Հայաստանի առաջ չէր դնի Մինսկի խմբի լուծարման պայման: Ինչպես բնորոշել եմ դեռևս 2021 թվականից, Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի ու Հայաստանի հանդեպ Իլհամ Ալիևի հանցանքի հետքն է, հետևաբար, քաղաքական մղձավանջը: Ադրբեջանի նախագահը փորձում է ազատվել դրանից: Բայց Իլհամ Ալիևի այդ հայտարարություններն ունեն նաև այլ տողատակ: Հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները ամեն մեկը յուրովի աջակցել է Հայաստանին, Իլհամ Ալիևը, ըստ էության, փորձում է ամրացնել այդ ձևաչափը լուծարելու իր դիրքորոշման և Հայաստանի հանդեպ եղած պահանջի հողը:

Հետևաբար, նրա այդ հայտարարությունները Հայաստանը չպետք է մատնի լռության: Այլապես կստացվի, որ Ալիևն իրավացի է՝ Մինսկի խմբի համանախագահությունը եղել է կողմնակալ, հետևաբար մի կողմից անվստահելի է դրա աշխատանքի ամբողջ «հետագիծը», մյուս կողմից անընդունելի է դրա նույնիսկ դե յուրե գոյությունը: Այս տրամաբանությունն է փորձում առաջ մղել Ադրբեջանի նախագահը: Հետևաբար, Երևանը չպետք է լռի, երբ նա հայտարարում է, թե համանախագահները աջակցում էին Հայաստանին: Չի եղել աջակցություն Հայաստանին, հետևաբար այդ իմաստով համանախագահները չեն եղել կողմնակալ: Ավելին՝ երբ 2014-17 թվականներին Ադրբեջանը ակնհայտորեն ռազմատենչ գործողություններ էր ծավալում սահմանին և շփման գծում, համանախագահները հասցեական չէին դատապարտում Բաքվին և պահում էին հավասարության նշան:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *