Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը`մարտի 22-ին՝ ժամը 11:00-13:00՝ նույն վայրից:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ տեղեկացնելով, որ հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
Արա Դեղտրիկյանի կենսագրությունը
Արա Ալֆրեդի Դեղտրիկյանը ծնվել է 1965 թ. փետրվարի 14-ին Երևանում: 1982 թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1987 թ.-ից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
1991-92 թթ. աշխատել է «Թատրոն 13»-ում, մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որոնցում «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի:
1992-97 թթ. բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում:
1994-97 թթ. աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում: 1994 թ. հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջ:
2003 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար:
2007 թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի` Ա.Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող:
Դերեր՝
Պաղտասար՝ «Պաղտասար աղբար»
Մարգար՝ «Ատամնաբույժն արևելյան»
Արշակ՝ «Շողոքորթն»
Ժևակին՝ «Ամուսնություն»
Միշա՝ «Չարենցի ուղղիչ տունը»
Վարդգես՝ «Ինձնից պրծում չկա»
Հայրո՝ «Մեր տան տերերը»
Փեսայի հայրը՝ «Վերջին կանգառ»
Հեռման` «4 պատճառ ամուսնության համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Նյութի աղբուր