Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի որոշմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել շուրջ մեկուկես տասնյակ անձանց նկատմամբ: Ըստ «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովի ունեցած տեղեկությունների՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև առանձին նամակով դիմել է այն երկրների համապատասխան մարմիններին, որտեղ բնակվում են հետախուզվող անձինք՝ խնդրելով ապահովել նրանց Ադրբեջանի իրավապահ մարմիններին արտահանձնումը: Զահիդովը հրապարակել է նաև այդ անձանց ցուցակը:
Նրանց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանանում Ռասուլ Գուլիևը: Վերջինս Հեյդար Ալիևի նախագահության առաջին շրջանում զբաղեցրել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի պաշտոնը: Գուլիևի անվան հետ է կապվում Բիշքեկի 1994 թվականի մայիսի 5-ի արձանագրության ստորագրման պատմությունը: Ադրբեջանական պատվիրակությունը Բիշքեկում գլխավորել է խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովը, որ պատճառաբանելով փաստաթղթի ստորագրմանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցության «անընդունելի լինելը»՝ հրաժարվել է վերջնական տեքստի ստորագրումից: Օրեր անց նրա փոխարեն դա արել է Միլլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևը՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի առանձնասենյակում՝ կատարելով նրա ուղղակի հրահանգը:
Այդ փաստը հետագայում ամենատարբեր մեկնաբանություններով օգտագործվել է Գուլիևի դեմ, երբ նա Հեյդար Ալիևի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով ենթարկվել է հետապնդումների: Ռասուլ Գուլիևը շուրջ երեք տասնամյակ է՝ Ադրբեջանից հեռացած է և հիմնականում բնակվում է Միացյալ Նահանգներում: Առնվազն երկու անգամ նա փորձել է Ադրբեջանի նախագահի թեկնածու գրանցվել և այդ կարգավիճակով վերադառնալ Բաքու, բայց իշխանությունները մշտապես խոչընդոտել են: Գուլիևը հայտնի է դեռևս խորհրդային շրջանում ձևավորած տնտեսական կլանով:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայումս նրան ի՞նչ մեղադրանք է ներկայացնում: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչներից մեկի ասելով՝ Ադրբեջանում առաջնորդվում են ստալինյան սկզբունքով․ «Միայն թե մարդ լինի, հոդված միշտ կգտնվի»: Այս դեպքում, բացառված չէ, Գուլիևին կարող են Բիշքեկի արձանագրությունն ստորագրելու համար մեղադրել «պետական դավաճանության» մեջ: Այս վարկածը միանգամայն տրամաբանական է թվում ԼՂՀ նախկին նախագահների և այլ պաշտոնյաների «դատավարության» քաղաքական համատեքստում:
Բացառված չէ, որ Իլհամ Ալիևը «նյարդերի պատերազմ» է նախաձեռնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. Գուլիևը, ինչպես ասվեց, բնակվում է Միացյալ Նահանգներում և եթե նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվում, ապա խնդիրը միանշանակորեն տեղափոխվում է Վաշինգտոնի հետ Բաքվի հարաբերությունների հարթություն:
Չափազանց ուշագրավ է, որ Գուլիևին արտահանձնելու խնդիր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցել է կամ դրա մասին տեղեկատվություն տարածել է Ադրբեջանում պահվող հայ պատանդներին և ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Մայք Ուոլցի սոցցանցային գրառումից հազիվ մեկ օր անց: Ալիևը, կարծես, Դոնալդ Թրամփին մարտահրավեր է նետում՝ պահանջելով արտահանձնել Միլլի մեջլիսի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևին:
Այդպես ժամանակին Էրդողանն էր պահանջում «ահաբեկիչ» Գյուլենի արտահանձնումը, որ անցյալ տարեվերջին Փենսիլվանիայի իր առանձնատանը մահացավ: Ի՞նչ ճակատագիր է սպասում Ռասուլ Գուլիևին, որ, հավանաբար, շատ պատկառելի տարիքում է: Բայց ավելի կարևոր է, թե նրան արտահանձնելու պահանջին ԱՄՆ պատկան մարմիններն ինչպես կարձագանքեն:
Նյութի աղբուր