Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

Շրջանառության մեջ եմ դրել մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որոնց հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշել է, որ վերլուծելով վերջին 20 տարիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, հրավիրվածներից միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության:

Պատգամավորի խոսքով՝ ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խոսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով՝

Մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից (2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից)
Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է (2010-2024 թվականների ընթացքում Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն՝ զորակոչից խուսափելու գործով 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել և որևէ պատասխանատվության չի ենթարկվել):
Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի փաստաթղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:

Պատգամավորի խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Սարգսյանը նշել է նաև, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *