Երբ 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախընթաց փուլում բացահայտվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին գաղտնալսելու սկանդալային պատմությունը՝ վերջինիս «բռնացրել» էին Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ ներքաղաքական «կեղտոտ սպիտակեղենի» մասին երևանյան սրճարաններից մեկում զրուցելիս, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը Բաղդասարյանի արարքը «դավաճանություն» որակեց՝ հատուկ ընդգծելով. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսևորում է: Այդ դրսևորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել… Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»:
Երբ 2008-ին The Washington Post պարբերականում հրապարակվեց նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում նա մասնավորապես կոչ էր արել Արևմուտքին 2008-ի մարտի 1-ի դեպքերի պատասխանատու ճանաչել ոչ թե ընդդիմությանը, այլ ՀՀ իշխանություններին, այն ազգային խայտառակություն համարվեց օրվա իշխանության կողմից: Այդ ժամանակ դեռևս նախագահ Ռ. Քոչարանը հոդվածը որակեց դրսից «տղա բերելու» փորձ՝ շեշտելով. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի և՛ ժողովրդի առջև, և՛ իրավապահների առջև, այլ ոչ թե Washington Post թերթի միջոցով, դրսից մեզ վրա տղա բերելու մեթոդով փորձի հարցեր լուծել: Եվ եթե ներում լինի, ապա պետք է ների սեփական ժողովուրդը»:
Օրերս «Հայկական համալսարան»-ում տեղի ունեցած իր «ցուցմունք»-բանախոսությամբ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ բոլոր տվյալներն ունի հավակնելու Հայաստան պետության դեմ սեփական նախաձեռնությամբ «գործ տվողի», «հայրենիքը դավաճանողի», դրսից սեփական երկրի դեմ «տղա բերողի», Ալիևին 44-օրյա պատերազմը սանձազերծելու պատասխանատվությունից մաքրելու, նրա փաստաբանը կարգվելու կարգավիճակին։ Հիշեցնենք՝ Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմը չպետք է լիներ, «դա հրահրվեց մեր կողմից, հայերի, հայկական իշխանության կողմից, այո՛։ Բանակցությունները ձախողվեցին, անպատասխանատու, ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնեն, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում ա՝ սաղ մեղավոր են…»։ Ի՞նչ է Քոչարյանի ասածը՝ «սաղ ճիշտ» են՝ հատկապես Ալիևը, ՀՀ ռազմավարական դաշնակից երկրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահը՝ իր հետ քիմիական կապով կապված Պուտինը, Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները, Թուրքիան, պակիստանցի վարձկան ահաբեկիչները, բոլոր-բոլորը, իսկ այ պատերազմի գլխավոր մեղավորը մենք ենք՝ «հայերս, հայկական իշխանությունը»։
Սեփական երկրի իշխանությունների դեմ ի լուր աշխարհի ցուցմունք տված նախկին նախագահը, փաստորեն, արդարացնում է պատերազմական հանցագործ Ալիևին ԼՂ խնդրի կարգավորման հիմքում դրված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներից մեկի՝ ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման վրա թքած ունենալու և ռազմական գործողությունների միջոցով խնդիրը լուծելու համար։ Դեհ, ի՞նչ աներ խեղճ Իլհամ Հեյդարիչը, որն ավելի քան երկու տասնամյակ շարունակ տորպեդահարում էր բանակցային գործընթացը (Քոչարյանին առաջարկում ենք գոնե աչքի անցկացնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը), ամպագոռգոռ, ռազմատենչ հայտարարություններ անում՝ ադրբեջանական պատմական քաղաք համարելով «Էրիվանը», Մինսկի խմբի դեմ արշավ էր իրականացնում՝ անվանելով այն անգործունակ կառույց, մասնավորապես 2011-ին Կազանի գագաթնաժողովում հերթական անգամ վիժեցնում էր կարգավորման գործընթացը և, ինչպես Սերժ Սարգսյանն է քանիցս վկայել՝ «վերջին պահին գրպանից թուղթ հանում և տասից ավելի փոփոխություններ առաջարկում՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում»… «Հայկական իշխանությունների» հրահրման հետևանքով է, որ «խեղճը» այսքանն անելուց հետո 2016-ին սանձազերծեց Ապրիլյան պատերազմը. տեսնես՝ Սերժ Սարգսյանն է՞լ էր ձախողել բանակցությունները՝ ավելի վաղ «ամպագոռգոռ» հայտարարելով ՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», սահմանի մյուս կողմից հնչող սպառնալիքներին ի պատասխան սպառնալով՝ «եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է» և այլն, և այլն… Ալիևին, փաստորեն, այն ժամանակ էլ են «հայկական իշխանությունները» դրդել դիմել սահմանային սադրանքների՝ անխուսափելի դարձնելով ապրիլյան քառօրյան… Ինչպես ասում են՝ ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, եթե երկիրը 10 տարի կառավարած, հայր և որդի Ալիևների հետ սերտ բանակցած նախկին պաշտոնյայի բանականությունը, շրջահայացությունը, հեռատեսությունն այսօրինակ ողբերգական վիճակում չլինեին։
Ի դեպ, Քոչարյանն առաջին անգամ չէ, որ «սեփական նախաձեռնությամբ դավաճանական» հայտարարություն է անում՝ պատերազմի հրահրիչ կարգելով սեփական երկրի իշխանությանը։ Նա, հիշեցնենք, իր հետպատերազմական շրջանի հանրային ելույթներում էլ է նույն միտքը կրկնել, այնպես որ, նախօրեի դասախոսության ժամանակ ասվածը ընդամենը նախկինում հայտարարվածի վերահաստատումն էր։ Քոչարյանը, նկատենք, «մեր կողմից հրահրված» է համարել նաև 44-օրյային նախորդած Տավուշի էսկալացիան։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում Քոչարյանը, ի պատասխան հարցի՝ «հնարավո՞ր էր խուսափել պատերազմից», պատասխանել էր՝ «անկասկած», և հավելել՝ «ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Արվեց ամեն ինչ։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում և տապալվում է հայկական կողմի պատճառով»։ ՀՀ նախկին թիվ մեկ բանակցողը միաժամանակ շեշտել էր, որ պատերազմի մեղավորը Հայաստանի վարչապետն է, որը բանակցությունները «սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից»։
Քոչարյանը, հիշեցնենք, ՀՀ իշխանությանը պատերազմի հրահրիչ համարեց նաև 2021-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Սիսիանում հունիսի 8-ին մասնավորապես հայտարարելով. «Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր, հրահրված էր հայկական իշխանությունների կողմից։ Երկրորդ՝ այս մարդիկ արեցին ամեն ինչ, որ մենք պարտվենք այս պատերազմում։ Հենց այս պատերազմում մեր պարտությունը պատահականություն է, որովհետև պատահականորեն մեր երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է պետական կառավարումը, ինչ է պատերազմը, չի տարբերում ինքնաձիգը գնդացիրից և բացարձակ պատկերացում չունի՝ ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ»։
Արդ, Քոչարյանին քոչարյանավարի պատասխանենք՝ հայերիս համար նրա այդպիսի դիրքորոշումն իսկապես դավաճանության դրսևորում է, այդ դրսևորումն «ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել»։ Իրավ է ասել նախկին նախագահը՝ «մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ…»։ Նախկին նախագահը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի և՛ ժողովրդի առջև, և՛ իրավապահների առջև, այլ ոչ թե տարբեր կայքերին տված հարցազրույցների, բանախոսությունների միջոցով, դրսից մեզ վրա տղա բերելու մեթոդով փորձի հարցեր լուծել։
Նյութի աղբուր