Արտասովոր զանգ Երևան՝ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև: Ինքնին այս ձևաչափն արդեն իսկ ուշագրավ է, քանի որ խիստ հազվադեպ կարող է պատահել տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև աշխատանքային հեռախոսազրույցներ:

Ինչո՞ւ է Գալուզինին հետաքրքրել հայ-թուրքական թեման, հատկապես Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո: Նրա հետաքրքրությունն արդյո՞ք նշանակում է, որ ֆորումի շրջանակում քննարկվել են հարցեր, որոնց առնչությամբ Մոսկվան հարկ է համարել առնվազն հանգամանալից իրազեկվածությունը՝ հասկանալու համար գուցե, թե որքան կարող էին գործնական լինել դրանք:

Այս իմաստով ավելորդ չէ գուցե հիշեցնել, որ Անթալիայի ֆորումի շեմին տեղի էր ունեցել Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում՝ ըստ հայկական կողմի հաղորդագրության, քննարկվել էր երկու երկրների միջև հարաբերությունն առաջ մղելու համար նոր ոլորտների փնտրտուքի հնարավորությունը: Ավելին՝ արդեն Անթալիայում հարցազրույց տալով թուրքական մամուլի, Հայաստանի ԱԳ նախարարը՝ որը հանդիպել էր նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, հայտնել էր, որ Երևանն ու Անկարան քննարկում են առևտրի, էներգետիկայի ոլորտում հնարավոր ուղղությունները:

Սրա՞նք են առաջացրել ռուսական կողմի հետաքրքրությունը, թե՞ հնարավոր է եղել են այլ ասպեկտներ, որոնց վերաբերյալ չի եղել տեղեկատվական հանրայնացում: Բոլոր դեպքերում, այն, որ ռուսական կողմը հայ-թուրքական թեմատիկայի վերաբերյալ բավականին հասցեական հետաքրքրության դրսևորման տեւական դադարից հետո Երևանի հետ աշխատանքային քննարկում է ունենում այդ թեմայով, անկասկած վկայում է որոշակի փոփոխությունների միտումի մասին և արժանի է ուշադրության:

Հատկապես, որ այդ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել նաև այն գործընթացով, որ ԱՄՆ և ՌԴ միջև ծավալվում է արդեն մի քանի շաբաթ, և ակնհայտորեն շատ ավելի լայն դիապազոնով, քան միայն ուկրաինական գոտին: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ Գալուզինի հեռախոսազանգը Երևան, փաստորեն հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հեռախոսազրույցին:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *