Խոստովանական ցուցմունք Իլհամ Ալիևից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» անվանված «միջազգային խորհրդաժողովին» ծավալուն ելույթ է ունեցել, որի մի հատված նվիրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցին: Ալիևը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը կեղծ է: Նա հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում սեպարատիստները լիովին ոչնչացվել են, իսկ մի քանի ամիս հետո ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից:

«Մեզ պատժել են մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը, կամա, թե ակամա, բայց ակնհայտ խոստովանական ցուցմունք է տվել: Եթե ԵԽԽՎ-ի համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն անընդունելի էր, ինչպես նա է պնդում, ապա ադրբեջանական պատվիրակության նկատմամբ ինչո՞ւ «կարգապահական տույժ» չի կիրառվել քառասունչորսօրյա պատերազմից անմիջապես հետո:

Մանավանդ փաստական լուրջ հիմքեր կային՝ Ադրբեջանին մեղադրելու խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների, արգելված զինատեսակներ օգտագործելու, ագրեսիվ պատերազմ սկսելու և միջազգային ահաբեկչական կառույցների զինառյալներին ներգրավելու մեջ:

Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին իրականացրած «հատուկ գործողությունները» համարելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառ՝ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ Եվրոպայի խորհորդն այդ իրադարձությունները ճանաչում է միջազգային իրավունքին, միջազգային մարդասիրական իրավունքին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հակասող և անօրինական:

«Եթե Ստրասբուրգի չինովնիկներին թվում է, թե բոլորը ցանկանում են իրենց և այդ կառույցին (ԵԽԽՎ-ին) մոտ լինել, ապա սխալվում են: Համենայն դեպս, Ադրբեջանի համար այդ ժամանակն այլևս անցյալ է»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Սա երկրորդ խոստովանական ցուցմունքն է, նա գերազանց գիտի, որ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության լուծարումը, հայ բնակչության բռնատեղահանությունը ռազմական հանցագործություն է, որի համար կարող է ԵԽԽՎ-ում պատասխանատվության «հրավիրվել», ուստի, կարելի է վստահաբար ասել հենց ինքն էլ հրահրել է ադրբեջանական պատվիրակության «ցինիզմի բեմադրությունը», որպեսզի իրեն ապահովագրի պատժից:

Պատճառաբանելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությանն Ադրբեջանը չի մասնակցել՝ Ալիևը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի ոչ մի որոշում Բաքվի համար իրավական ուժ չունի: Այսպիսով նա «շղթան փակում է»՝ ակնհայտորեն հասկացնելով, որ եթե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ՄԻԵԴ-ում քննվեն և կայացվի համապատասխան վճիռ, Ադրբեջանը դրան չի ենթարկվի: «ԱՄՆ-ում նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը փոխվել է, և միամտություն կլիներ դա չնկատել»,- ամփոփել է Իլհամ Ալիևը:

Ալիևը, իհարկե, գիտի, որ Միացյալ Նահանգների հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հավերժական չէ: Նա պարզապես ձգտում է միջազգային իրավունքի նկատմամբ աշխարհի ուժային բևեռների նիհիլիզմով պայմանավորված իրավիճակն օգտագործել՝ լեգիտիմացնելու ԼՂ սուբյեկտության ոչնչացումը և հայ բնակչության բռնատեղահանությունը:

Ալիևի այս խոստովանական ցուցմունքը կարելի՞ է օգտագործել նրա և Ադրբեջանին հովանավորած պետությունների դեմ: Իհարկե, բայց այս հարցում առաջինը պետք է քաղաքական Ստեփանակերտը շահառու և նախաձեռնող լինի: Մինչդեռ Ազատության հրապարակի «արցախյան վրանում» Ադրբեջանի, Իլհամ Ալիևի հասցեին քննադատական ոչ մի խոսք չի հնչում: Ավելին՝ այնտեղ ձևակերպում են, որ Հայաստանից լքված Արցախը 2023թվականի սեպտեմբերի 19-20-ին պատվո ճակատամարտ է տվել: Այսինքն՝ ահաբեկչական պատերազմի զոհ չի՞ դարձել: Ալիևն էլ, պարզվում է, նույն օրը նույն միտքն է ասել «Սեպարատիստներին ոչնչացնելու» իմաստով:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *